Գորիսի քաղաքային համայնքի ավագանու անդամ


Տոռոզյան Ռուզաննա Էդիկի

Ծնվել է 01.05.1968թ.
Կրթությունը` բարձրագույն,
Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ:
2008թ-ից Գորիսի կանանց զարգացման <Ռեսուրս կենտրոն> հիմնադրամի գործադիր տնօրեն:

Ղեկավարելով Գորիսի Կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամը` իմ թիմի հետ իրականացրել ենք մի շարք նախաձեռնություններ, որոնք նպատակաուղղված են եղել կանանց տնտեսական հզորացմանն ու նրանց դերի բարձրացմանը: Միայն վերջին տարում մենք կարողացել ենք 40 գործազուրկ կանանց զբաղվածության խնդիր լուծել, հանրային հնչեղություն տալ բազմաթիվ հիմնախնդիրների: Պետք է պարզապես աշխատել. սա է հաջողության հասնելու հենքային գործոնը: Այսօր բազմաթիվ խնդիրներ են ծառացած մեր համայնքի առջև, որոնք հնարավոր է լուծել միայն մեծ ջանքերի ներդրման և հետևողական աշխատանքի շնորհիվ:


Քարահունջի գյուղական համայնքի ղեկավար


Ավետյան Լուսինե Սերժիկի

Ծնվել 18.03.1974թ.
Կրթությունը` բարձրագույն,
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի
Արդյունաբերական էլեկտրոնիկայի բաժին:
2002թ-ից ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջի գյուղական համայնքի ղեկավար:

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Շուրջ 10 տարի է Քարահունջ համայնքի ղեկավարն եմ: Տարիներ, որոնք հագեցած են եղել իրատեսական աշխատանքով ու գոհացնող արդյունքներով: Անցած տարիների ընթացքում հիմնանորոգվել են գյուղի դպրոցը, մանկապարտեզը, հիմնադրվել է երիտասարդական կենտրոն, կառուցվել է ոռոգման ցանց, կոյուղու գիծ, լուծվել է սողանքային գոտում բնակվող 7 ընտանիքների բնակարանային խնդիրը, ասֆալտապատվել է գյուղի կենտրոնական ճանապարհը, լուծվել են նաև բազում այլ խնդիրներ: Չնայած ձեռքբերումներին` դեռ անելիքներ շատ կան, ուստի իմ հիմնական նպատակն է մեր համայնքը դարձնել առանց հիմնախնդիրների, համախմբված, շենացող և ժողովրդավար համայնք, որտեղ գերիշխող կլինի համերաշխությունը:

Հալիձորի գյուղական համայնքի ավագանու անդամ


Ասրյան Գայանե Մարտունի

Ծնվել է 13.03.1968թ.
Կրթությունը` բարձրագույն,
Օդեսայի կապի ինստիտուտ:

Հատկապես վերջին տարիներին առավել ակտիվ եմ զբաղվում հասարակական գործունեությամբ, համակարգում եմ Հալիձորի երիտասարդական կենտրոնի աշխատանքները, նաև ձեռագործ կանանց խումբը: Կանանց հետ առավել շատ շփման արդյունքում հասկացա` ինչքան մեծ կարողություններ ունեն մեր կանայք, որքան խելացի են, աշխատասեր: Մի տեսակ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ այսքան մեծ ներուժ ունեցող կանայք հոգսաշատ են, գործազուրկ, չունեն եկամուտ: Շփվելով նրանց հետ, ծանոթանալով խնդիրներին` վստահ եմ, որ կինն առավել լավ կարող է տեսնել, պատկերացնել ու ներկայացնել կնոջ խնդիրները: Ցանկանում եմ իմ ակտիվ գործունեությամբ նպաստել կանանց հիմնախնդիրների լուծմանը:

Հալիձորի գյուղական համայնքի ավագանու անդամ


Մկրտչյան Սաիդա Անդրանիկի

Ծնվել է 29.03.1981թ.
Կրթությունը` միջն. մասնագիտական,
Գորիսի մանկավարժական քոլեջ:
Հալիձորի համայնքի գրադարանում գրադարանավարուհի:

Առաջին անգամ ընտրվել եմ` որպես համայնքի ավագանու անդամ: Հստակ գիտակցում եմ հետագա աշխատանքիս կարևորությունը: Իմ նախաձեռնողականության շնորհիվ կարող եմ նպաստել երիտասարդական քաղաքականության ձևավորմանը: Ունեմ հրաշալի գաղափարներ, որոնց շնորհիվ հնարավոր է ակտիվացնել գյուղի երիտասարդներին, նրանց ներգրավել բազմաթիվ նախաձեռնություններում: Երիտասարդությունն է հասարակության շարժիչ ուժը, ուստի կարևոր է համախմբել նրանց: Ես վստահ եմ, որ կարող եմ իմ ակտիվ գործունեությամբ ձևավորել այդ առողջ կորիզը:

Հալիձորի գյուղական համայնքի ավագանու անդամ


Խաչյան Մարինա Ժորայի

Ծնվել է 12.10.1969թ.
Կրթությունը` միջն. մասնագիտական,
Գորիսի մանկավարժական ուսումնարան:
1987թ-ից Հալիձոր համայնքի նախակրթարանի տնօրեն:

Տարիներ շարունակ, ղեկավարելով գյուղի նախակրթարանը, քաջատեղյակ եմ համայնքի մայրերի և երեխաների խնդիրներին: Որպես կին` այլ տեսանկյունից եմ դիտարկում նրանց հուզող հիմնահարցերը: Կարևորում եմ կնոջ դերը ավագանու կազմում, քանի որ այն խնդիրները, որոնք իմ ուշադրության կենտրոնում են, վստահ եմ, որ վրիպում են տղամարդկանց աչքից: Ավագանու աշխատանքը այն աշխատանքն է, որն անմիջական ազդեցություն ունի համայնքի բնակչի վրա, ուստի պետք է ամենայն պատասխանատվությամբ աշխատել` գիտակցելով, որ քո յուրաքանչյուր որոշումը էականորեն կարող է փոխել քո համայնքի բնակչի կյանքը, կենցաղը:

Խնածախի գյուղական համայնքի ավագանու անդամ


Թավադյան Նինա Մուշեղի

Ծնվել 01.12.1969թ.
Կրթությունը` միջն. մասնագիտական,
Կապանի բժշկական ուսումնարան:
Աշխատում է որպես ընտանեկան բուժքույր:

Սյունիքի մարզում ավագանու առաջին կին անդամն եմ եղել, մինչ օրս շարունակում եմ նվիրումով աշխատել իմ համայնքի համար: Աշխատում եմ որպես բուժքույր, ամեն օր տունայցեր եմ կատարում և բուժօգնություն ցուցաբերում ոչ միայն հիվանդներին, նաև գիտեմ յուրաքանչյուրին մտահոգող խնդիրները: Տարիներ շարունակ ինքս ապրում եմ իմ համագյուղացիների հոգսերով, նրանց հուզող հիմնախնդիրները մշտապես ներկայացնում ավագանու նիստերին: Ընտրություններին մշտապես ստացել եմ ձայների առավելությունը, կարծում եմ դա նաև նրանից է, որ անձամբ հետամուտ եմ եղել յուրաքանյուր բնակչի խնդրին, երբեք անտարբեր չեմ եղել, անգամ, անէական թվացող հարցերի նկատմամբ: Կարծում եմ, որ սա եղել է իմ հաջողության հիմնական հենքը, որ փորձում եմ արդյունավետ կերպով ստեղծել համագործակցություն ՏԻՄ մարմինների և համայնքի բնակիչների միջև: 

Քարահունջի գյուղական համայնքի ավագանու անդամ


Մկրտչյան Ռամելա Վազգենի

Ծնվել 09.08.1960թ.

Կրթությունը` միջնակարգ

Մշտապես ցանկացել եմ իմ մասնակցությունն ունենալ մեր համայնքի կառավարման գործընթացում: Համայնքային նշանակության հիմնախնդիրները երբեք իմ ուշադրությունից դուրս չեն եղել: Այժմ, որպես համայնքի ավագանու անդամ, կներդնեմ իմ ներուժը մեր համայնքի զարգացմանը նպաստելու համար: Ես վստահ եմ, որ ցանկացած խնդիր հնարվոր է լուծել, եթե կա ցանկություն և համագործակցության լայն շրջանակներ: